29 նոյեմբերի 2011 - 17:18 AMT
Աշոտյան. Մենք կարևորում ենք երեխաների ապագայի համար հուսալի և ամուր հիմքերի ստեղծումը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ( UNISEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, որը վերջերս է ստանձնել իր առաքելությունը մեր երկրում: ԿԳՆ-ից հայտնում են՝ ողջունելով հյուրին` նախարարը հույս է հայտնել, որ ՀՀ ԿԳ նախարարության և UNISEF-ի համգործակցության արդյունավետ փորձը հնարավորություն կտա ձևավորել համատեղ աշխատանքի նոր ուղղություններ` հօգուտ Հայաստանի երեխաների:

«Մենք կարևորում ենք նոր և ինտենսիվ որակի համագործակցությունը: Հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց ապագայի համար հուսալի և ամուր հիմքերի ստեղծումը, ինչպես նաև երեխայակենտրոն կրթական միջավայրի ապահովումը կրթության և գիտության նախարարության գերակայությունն է»,- մասնավորապես նշել է նախարար Աշոտյանը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Արենսին ընդգծել է, որ UNISEF-ի համար կրթության ոլորտն առանցքային է: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել բոլոր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ու շարունակականությունը, ինչպես նաև քննարկել նոր նախագծեր: