29 նոյեմբերի 2011 - 17:20 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մյունխենում Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն ընդունվել է հոտընկայս

Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին Գերմանիայում, հիանալի ընդունելության է արժանացել: Ստեղծագործությունը, որը գրվել է Մյունխենի կամերային նվագախմբի և «Ռիաս» կամերային նվագախմբի պատվերով, գերմանացի երաժշտասերներին ներկայացվեց 4 անգամ: Մանսուրյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ շուրջ 10 տարի եղել է փնտրտուքների մեջ, և վերջապես որոշել է համադրել հայկական երգեցողական արվեստը և լատիներենը: Այն հարցին, թե ինչով է պայմանավորված լեզվի ընտրությունը, Մանսուրյանն ասաց, որ օտարերկրացիների համար լուրջ խնդիր կլիներ երգել հայերեն, դրա համար էլ ստեղծագործեց լատիներենով: Իր «Ռեքվիեմ»-ը երգողներին Մանսուրյանը համեմատում է հայկական մանրանկարչության կերպարների հետ, որոնց, ըստ կոմպոզիտորի, այսօր էլ կարելի է տեսնել փողոցում: Նույն օրը, Մանսուրյանի ստեղծագործության հետ ներկայացվել էր նաև Մոցարտի «Ռեքվիեմը»: Գերմանական Շպիգել թերթը Մանսուրյանի և Մոցարտի «Ռեքվիեմ»-ները համեմատելով ասում է, որ Մանսուրյանի ստեղծագործությունը ավելի զուսպ է, բայցև Մոցարտինն էլ այդքան հոգևոր չէր:

Կոմպոզիտորը հիացած է գերմանացիների կատարումից, նշելով, որ 1.5 տարի այն կատարվելու է միայն պատվիրատուների` Մյունխենի կամերային նվագախմբի և «Ռիաս» կամերային նվագախմբի կողմից:

Ստեղծագործությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939 թ-ին հունվարի 27-ին` Բեյրութում (Լիբանան): 1947-ին նրա ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: 1965 թ-ին ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիան` Լազար Սարյանի կոմպոզիցիայի բաժինը, 1968 թ-ին նույն բաժնի ասպիրանտուրան: 1963-1964թթ.` Երեւանի պարարվեստի կոնցերտմայստեր: 1964-1965թթ.` հայկական ռադիոյի եւ հեռուստատեսության երաժշտական խմբագիր: 1992-95թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը:

ՀՀ ժողովրդական արտիստ Մանսուրյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում. գրել է սիմֆոնիկ երկեր, վոկալ շարքեր և երաժշտություն կինոֆիլմերի համար: Մանսուրյանը գեղագիտական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները: Նա առաջիններից է հայ դասական երաժշտություն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: Նրա ստեղծագործությունները սերում են հայկական ժողովրդական երգարվեստից ու հնագույն տաղերից, որոնք ներկայացված են արդի երաժշտական լեզվով, և աչքի են ընկնում պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով: Ակտիվ կերպով աշխատել է ֆիլմերում, գրել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Հենրիկ Մալյանի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմերի և այլ ժապավենների երաժշտությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ