29 նոյեմբերի 2011 - 18:41 AMT
Ա. Գեւորգյանն ու Վ. Բասարգինը քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակացության առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին, ով Երեւանում է` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների շինարարական գործունեության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհրդի 32-րդ նիստին:

Կողմերը քննարկեցին ՀՀ տարածքային կառավարման եւ ՌԴ տարածքային զարգացման նախարարությունների միջեւ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կարեւորվեց երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով գործակցության խորացումը: Նշվեց, որ այդ ուղղությամբ կատարված քայլերը եւ առաջիկա անելիքները նոր հեռանկարներ են բացում հարաբերությունների զարգացման համար:

Ապրիլին Երեւանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի արդյունքները դրական գնահատելով` երկուստեք համոզմունք հայտնվեց, որհաջորդ նմանատիպ միջոցառումների ժամանակ առավել գործնական եւ ավելի նպատակաուղղված ծրագրեր ու նախագծեր կներկայացվեն: Արձանագրվեց, որ այս ձեւաչափովհամագործակցությունը երկու կառավարությունների ուշադրության կենտրոնում է: Այդ նպատակով միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվել է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խումբ, որը հայկական կողմից ղեկավարում է Տարածքային կառավարման նախարարի առաջինտեղակալ Վաչե Տերտերյանը, ռուսական կողմից` Տարածքային զարգացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը: Արդեն հաստատվել են աշխատանքային խմբի երկու կողմերի կազմերը, եւ զրուցակիցները պայմանավորվածություն ձեռք բերեցին առաջիկայում համանախագահների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, որի ընթացքում կորոշվի նաեւ խմբի օրակարգային հարցերի շրջանակը: Անդրադարձ եղավ նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին:

Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով ձեւավորված համագործակցությունից` կարեւորվեց նաեւ նոր կապերի հաստատումը գործակցության ներուժ եւ միմյանց նկատմամբ հետաքրքրություն ունեցող տարածաշրջանների միջեւ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության խորհրդի շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվեց խորհրդի, որում այս տարի նախագահում է Հայաստանը, աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ եղավ խորհրդի կողմից մշակվող երկու փաստաթղթերի` մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգինախագծի եւ հայեցակարգից բխող` միջոցառումների ծրագրի նախագծի ամբողջականացման եւ դրանք ԱՊՀ գործադիր կոմիտեին ներկայացնելու հետ կապված հարցերին:

Ա. Գեւորգյանն ու Վ. Բասարգինը քննարկեցին նաեւ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համագործակցության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններում փոխգործակացության խորացման հարցեր, հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը: