30 նոյեմբերի 2011 - 10:40 AMT
Հրայր Մկոյանը փորձաշրջան կանցնի Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիայում»

Հայաստանի հավաքականի և երևանյան «Միկայի» կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը կարող է ընդգրկվել Խաբարովսկի «ՍԿԱ-Էներգիայի» կազմում, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջին ֆուտբոլային դիվիզիոնում:

«Առաջին հավաքներին մեզ հետ միասին կմեկնեն Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը, կենտրոնական հենակետային կիսապաշտպան Բոմ Սոնգը Կամերունից, որը 4 տարի առաջ խաղացել է Միլանի «Ինտերում», և երկու ռուս կիսապաշտպաններ առաջին դիվիզիոնից, ազգանունները չեմ կարող ասել, բանակցություններն ընթացքի մեջ են»,- ասել է ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Ֆելդմանը, հաղորդում է «ՍԿԱ-Էներգիայի» երկրպագուների պաշտոնական կայքը:

«ՍԿԱ-Էներգիան» առաջին դիվիզիոնում իր ելույթը 47 միավորով ավարտել է 13-րդ տեղում:

Մկոյանը Հայաստանի հավաքականում 13 հանդիպում է անցկացրել, հանդես է եկել «Շիրակ», «Արարատ», «Ուլիս» ակումբներում և 2010-ին տեղափոխվել «Միկա»: