30 նոյեմբերի 2011 - 14:25 AMT
Մեկնարկում է Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարը

Այսօր` նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի առաջին համերգը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգում է պետական հանձնաժողովը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարությունը, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մամլո ասուլիսի ժամանակ շեշտեց, որ համերգները կայանալու են ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում, Լեռնային Ղարաբաղում և արտերկրում: Ներգրավվելու են աշխարհահռչակ մի խումբ երաժիշտներ, որոնց հետ արդեն բանակցություններ են վարվում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ նման համերգներով կփորձեն ոգեկոչել Եղեռնի նահատակներին, ինչպես նաև համերգները ցեղասպանությունը վերապրածների սերունդների կյանքի ուղերձը կլինի:

Այսօրվա համերգին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական և «Յունիսեֆի» մանկական նվագախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի փողային կազմը, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը: Մենակատարներն են դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, մեցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը, տենոր Գևորգ Իգնատիոս Հաճյանը, ալտահար Վաչե Հովեյանը և բարիտոն Գևորգ Հակոբյանը: