Արտակարգ իրավիճակների նախարարությունը կհոգա անվտանգ հրավառությունների հարցը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը կհոգա  անվտանգ հրավառությունների հարցը

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ կազմակերպված հերթական խորհրդակցությունն այսօր նվիրված է եղել հրագործական արտադրանքի անվտանգ կիրառման խնդիրներին։

Նախարար Երիցյանը նշել է, որ առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես նաև վերահսկել դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը։

ԱԻՆ Պետական հրդեհային տեսչությանը հանձնարարվել է ճշտել և հաշվառել հանրապետության տարածք հրավառություններ և հրագործական այլ արտադրանք ներմուծողների ցանկը, ինչպես նաև պարզել և ուսումնասիրել այդ արտադրանքի պահեստավորման և պահպանման վայրերը։ Պետական հրդեհային տեսչությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ կիրականացնի համատեղ միջոցառումներ` կազմակերպելով այցելություններ հրավառությունների պահպանման վայրեր և դրանք կիրառող օբյեկտներ։ Ձեռնարկվող բոլոր աշխատանքները կիրականացվեն ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---