1 դեկտեմբերի 2011 - 09:51 AMT
Ֆրանսիան և Նիդերլանդները Թեհրանից հետ են կանչում իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար

Փարիզը Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա ցուցարարների հարձակումից հետո որոշում է ընդունել խորհրդակցությունների համար իրանական մայրաքաղաքում իր դեսպանին հետ կանչելու մասին, հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղում կատարելով նախարարության մամլո քարտուղար Բեռնար Վալերոյի քոմյունիքեին:

«Հաշվի առնելով դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի ակնհայտ և անընդունելի խախտումն ու բռնության ակտերը` Ֆրանսիայի իշխանությունները որոշել են խորհրդակցությունների համար հետ կանչել Իրանում ֆրանսիական դեսպանին»,- ասվում է քոմյունիքեում:

Ավելի վաղ` չորեքշաբթի օրը, Մեծ Բրիտանիան Իրանից ամբողջովին տարհանել է իր դիվանագիտական աշխատակազմը, իսկ Գերմանիան ու Նիդերլանդները որոշել են հետ կանչել Թեհրանում իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար:

«Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենթալը հետ է կանչում Թեհրանում դեսպանին խորհրդակցությունների համար: Պատճառը հարձակումն է Թեհրանում բրիտանական դեսպանատան և դիվանագիտական աշխատակազմի նստավայրերի վրա»,- ասվում է հայտարարության մեջ: