1 դեկտեմբերի 2011 - 12:52 AMT
ԵԱ հանդբոլի մինչև 18 տ 10-րդ ընտրական խմբի խաղերը կարող են անցկացվել Հայաստանում

Ինչպես հայտնի է, վիճակահանությամբ մինչև 18 տարեկան հանդբոլիստների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մերոնք ուժերն են չափելու այս մարզաձևից համարում ունեցող Սերբիայի և Բելգիայի ներկայացուցիչների հետ (10-րդ խումբ): Պայքարը շարունակելու է միայն խմբում առաջին տեղը գրավող հավաքականը: Խմբային մրցաշարերի հանդիպումները կայանալու են 2012-ի մարտի 30-ից ապրիլի 1-ը ժամանակահատվածում: Ուշագրավն այն է, որ նախկինում Սերբիան և Բելգիան հյուրընկալել են Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարի մասնակիցներին: Ստացվում է, որ այս առումով հերթը Հայաստանի ներկայացուցիչներինն է, հայտնում է հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Հարություն Մելքոնյանը տեղեկացրեց, որ հնարավորն արվում է, որ ստուգատեսը կայանա մեր երկրում: Խնդիրն այն է, որ Հայաստանում չկա միջազգային պահանջներին համապատասխանող` 26x46 մ չափի խաղահրապարակ: Նույնիսկ Երևանի մարզահամերգային համալիրում հնարավոր է միայն բասկետբոլի խաղահրապարակ սարքավորել, որը հանդբոլի հանդիպումների համար փոքր է:

Ինչևէ, Եվրոպայի հանդբոլի ֆեդերացիային է ներկայացվել մայրաքաղաքի «Միկա» մարզասրահի տեխնիկական բնութագիրը: Դահլիճը 19x40 մ չափի է: Եթե համաձայնություն տրվի, ապա ընտրական մրցաշարի մասնակիցներին կհյուրընկալի մեր երկրի մայրաքաղաքը:

Ի դեպ, Հայաստանի հավաքականը սկսել է այս ստուգատեսի նախապատրաստությունը: Այն այժմ ուսումնամարզական պարապմունքներ է անցկացնում Երևանում: Դեկտեմբերի 3-ին Վանաձոր են ժամանելու Վրաստանի ներկայացուցիչները: Նախատեսվում է կազմակերպել միջազգային մրցաշար մեր երկրի և Վրաստանի երկուական թիմերի մասնակցությամբ: