17 դեկտեմբերի 2003 - 17:29 AMT
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը (խորհրդարանը) ընդունել է բանաձեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Բանաձեւի տեքստում նշված է, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իշխանությունների հրամանով տեղահանման եւ ջարդերի միջոցով մեկ միլիոնից ավելի հայերի բնաջնջումը անհերքելի փաստ է եւ իր նշանակությամբ եւ ծավալով համապատասխանում է այն նորմերին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայում: Ընդունելով այդ բանաձեւը` խորհրդարանը հայտարարել է, որ ձգտում է նպաստել հայերի եւ թուրքերի հաշտեցմանը, ինչը կարող է ձեռք բերվել պատմական ճշմարտության հանդեպ ընդհանուր հայացքով: Նշենք, որ շվեյցարական խորհրդարանի տվյալ որոշման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել բողոքի նոտայով, որտեղ ասվում է, որ երկկողմ հարաբերություններում բացասական հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Շվեյցարիան: