1 դեկտեմբերի 2011 - 17:05 AMT
«Ամերիա»-ն կազմակերպել է տեսակոնֆերանս Կիպրոսի Դեմետրիոս Ա. Դեմետրիադես ՍՊԸ-ի հետ

Ամերիա ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ համատեղ կոնֆերանս կիպրական Դեմետրիոս Ա. Դեմետրիադես ՍՊԸ-ի և Քեյ-Փի-Էմ-Ջի /Կիպրոս/ ընկերության հետ` Հայաստան-Կիպրոս կրկնակի հարկման բացառման համաձայնագրի և կիպրական ընկերությունների ներդրումային հնարավորությունների վերաբերյալ:

Կոնֆերանսը նպատակ ուներ հանգամանորեն ներկայացնելով Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրված կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագրի դրույթները` ուշադրության արժանացնել համաձայնագրի առավելությունները և կիպրական ընկերությունների ներդրումային հնարավորությունները:

Միջոցառմանը հրավիրված էին Ամերիաբանկի հաճախորդները, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդները և “Ամերիա” խմբի խորհրդատվական ծառայություններից օգտվող հաճախորդները:

Կոնֆերանսի ժամանակ մասնավորապես ներկայացվեցին կիպրական ընկերությունների ներդրումային նախագծերի առավելությունները, կորպորատիվ կառուցվածքները և հոլդինգային ընկերությունների փորձի կիրառումը հայաստանյան շուկայում, կիպրական ընկերությունների փորձի ուսումնասիրությամբ Հայաստանում բիզնեսի կառուցվածքի օպտիմիզացման նախագծերը, հարկային դաշտի առանձնահատկությունները և հարկային արտոնությունների կիրառումը` ստորագրված համաձայնագրի շրջանակներում և մի շարք այլ հարցեր:

Նշված հարցերի ներկայացմամբ հանդես եկան Դեմետրիոս Ա.Դեմետրիադես ընկերության հիմնադիր և ղեկավար, փաստաբան Դեմետրիոս Ա. Դեմետրիադեսը, Քեյ-Փի-Էմ-Ջի /Կիպրոս/ ընկերության Հարկային դեպարտամենտի տնօրեն Վասիլիս Կուֆարիսը, “Ամերիա” խմբի Իրավաբանական պրակտիկայի ղեկավար Դավիթ Սարգսյանը, “Ամերիա Աուդիտ” ՓԲԸ Գործադիր տնօրեն Արթուր Անդրեասյանը: