16 դեկտեմբերի 2003 - 22:19 AMT
ՀԻՆԳ ՕՐ ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Այսօր Շոտլանդիայում սկսվել է Հարավային Կովկասի երկրների խորհրդարանական նախաձեռնության ընդլայնված նիստը` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատգամավորների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ առաջին օրը Սփեյսայդ քաղաքում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների առանձնահանդիպում, որտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Հիմնական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-20 Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում, որտեղ Հարավկովկասյան բոլոր երեք հանրապետությունների պատվիրակությունները կքննարկեն մի շարք արդիական տարածաշրջանային հարցեր: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր համաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, հայկական կողմը նիստին կներկայացնի Հայաստանի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մինչ այդ Հարավկովկասյան միջխորհրդարանական նախաձեռնության շրջանակներում անցկացվել են երկու հանդիպում` Սթրասբուրգում եւ Թբիլիսիում: