Փոխվարչապետն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական միջտարածաշրջանային 2-րդ համաժողովի անցկացման հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովին:

Ինչպես հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը, փոխվարչապետն անդրադարձավ օրերս ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ հանդիպման ժամանակ քննարկված հարցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին: Նշվեց, որ առաջիկայում երկկողմ աշխատանքներ կիրականացվեն հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծված միջտարածաշրջանային համագործակցության հարցերով աշխատանքային խմբի 2012թ. օրակարգի ձևավորման ուղղությամբ: Նախատեսվում է, որ խմբի գործունեության օրակարգում կլինեն ինչպես տարածաշրջանների միջև տնտեսական, այնպես էլ հումանիտար համագործակցության խնդիրները, նաև` առկա իրավապայմանագրային բազայի դյուրացման հարցերը:

Զրուցակիցները հաջողված համարեցին ապրիլին Երևանում անցկացված հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը` ընդգծելով նման ձևաչափով հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը, որը նպաստելու է երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը: Քննարկվեցին երկրորդ համաժողովի անցկացման հնարավորությունները և այն նախապատրաստելու հետ կապված հարցեր: Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանի մազպետարանների և ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկում կազմակերպելու վերաբերյալ` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով: Մասնավորապես նշվեց, որ առավել մեծ ուշադրություն կդարձվի զբոսաշրջության, փոքր և միջին ձեռներեցության, հումանիտար ոլորտներում համագործակցության խնդիրներին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---