«Հայփոստում» մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ

«Հայփոստում» մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին, ի նշանավորումն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա, «Հայփոստի» Կիևյան 4 հասցեում գտնվող 0028 փոստային բաժանմունքում պաշտոնապես մարվեց ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը նվիրված հատուկ նամականիշ:

Մարման արարողությունն իրականացրեցին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական համախմբման և գործընկերության խորհրդատու Նաիրա Սարգսյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը:

«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի խոսքով` Հայփոստ թրասթ մենեջմենթի ղեկավարությամբ Հայփոստը քայլեր է ձեռնարկում հայկական ֆիլատելիայի զարգացման ուղղությամբ և առանձնահատուկ ուշադրություն է դրսևորում Փոստի համաշխարհային միության համատեղ թողարկումներին, և ընդհանրապես համաշխարհային կարևորության օրերին և տարելիցներին:

ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նկատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ընդգրկվածությունը պետությունից և միջազգային կազմակերպություններից մինչև մասնավոր սեկտոր` տեղի ունեցող միջոցառումը դիտարկելով հենց այդ համատեքստում:

ՁԻԱՀ-ի վերաբերյալ հուշանվերային նամականիշի մարմանը հետևեց «ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզիչ» մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակը տրվում է կազմակերպություններին և անհատներին` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքների համար քարոզչության գործում ակնառու ավանդի համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---