2 դեկտեմբերի 2011 - 12:06 AMT
Ֆրանսիայի նախագահը վստահ է, որ Գերմանիայի հետ հարաբերությունների սերտացումը կփրկի Եվրոպան

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ Եվրամիության կայունության երաշխիք կարող են լինել առավել սերտ հարաբերությունները Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև: Ելույթ ունենալով Տուլոնում՝ Սարկոզին պատմել է, որ երկուշաբթի օրը հանդիպում տեղի կունենա Անգելա Մերկելի հետ, որտեղ կառաջարկվեն Եվրոպան ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու միջոցները:

Նա զգուշացրել է, որ եվրագոտու երկրների ֆինանսական կայունությունն ու տնտեսությունների մերձեցումը դժվար գործընթաց է և տևական ժամանակ կզբաղեցնի: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Ֆրանսիան չի զիջի իր ինքնիշխանությունը:

Ըստ նրա, եվրոպական միասնական արժույթը չի կարողանա գոյատևել, եթե եվրագոտու երկրները չմիավորեն ջանքերը: «ԵՄ-ն պետք է նորանա կենտրնում «կայունության գոտու» ստեղծման հաշվին՝ ի դեմս Ֆրանսիայի ու Գերմանիայի»,-գտնում է Սարկոզին: Նա նշել է նաև, որ հարկ կլինի կիրառել առավել խիստ ֆինանսական կարգապահություն, այդ թվում այն երկրների հարցում, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները:

Սարկոզին հաստատել է, որ Ֆրանսիան հետագայում ևս միջոցներ կձեռնարկի իր ֆինանսական համակարգը պաշտպանելու համար, հայտնում է BBC-ին: