2 դեկտեմբերի 2011 - 14:16 AMT
Ալեքսանդր Թորաձեն համերգ կտա Երևանում 28 տարի ընդմիջումից հետո

Աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն հայ հանդիսատեսի առջև ելույթ է ունենալու 28 տարի ընդմիջումից հետո: Համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և նվիրվելու է Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը ուրախություն հայտնեց, որ Թորաձեն այդքան մեծ դադարից հետո ելույթ է ունենալու հենց իրենց հետ: Ինքը` երաժիշտը նշեց, որ շատ կապված է Հայաստանի հետ, երեխա ժամանակ հաճախ է եկել այստեղ, իսկ 16 տարեկան հասակում Երևանում հաղթել է դաշնակահարների անդրկովկասյան մրցույթին: Սեպտեմբերին դաշնակահարը եկել էր հայաստան` շնորհավորելու կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին 90-ամյակի կապակցությամբ, սակայն ելույթ չի ունեցել:

Համերգային ծրագրում ընդգրկված են Ս. Պրոկոֆևի 3-րդ և Դ. Շոստակովիչի 2-րդ դաշնամուրային կոնցերտները: Ալեքսանդր Թորաձեն ծնվել է Թբիլիսիում, ավարտել է Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան կոնսերվատորիան և դարձել նույն ԲՈՒՀ-ի դասախոս: 1983 թ-ին տեղափոխվել է ԱՄՆ, իսկ 1991 թ-ին դարձել Ինդիանա նահանգի Սաութ-Բենդեյի համալսարանի պրոֆեսոր, որտեղ նա մշակել է դասավանդման նոր համակարգ: Թորաձեն ելույթ է ունեցել BBC-ի նվագախմբի, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի, Ցինցինատիի, Դրեզդենի և այլ քաղաքների, Գյուլբենկյան հիմնադրամի նվագախմբերի հետ:

Դաշնակահարը համարվում է իր ժամանակի ամենավիրտուոզ կատարողներից մեկը, ով նվագում է ռոմանտիզմի ավանդույթներով: