2 դեկտեմբերի 2011 - 15:30 AMT
Հայաստանում իրացվող փաթեթավորված սուրճի տուփերում հայտնաբերվել են գարի, կաղին և այլ հավելումներ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը սուրճի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրությունների ընթացքում խոշոր առևտրի կետերից կատարել է սուրճի հսկիչ գնում: Գնված արտադրանքը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը, քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ` հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի: Սակայն, լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են բացահայտել:

Այսպես, «Ֆեռո» (Ֆեռո ), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ) «Վանս գրուպ» (Սթար), «Ասկոլիո» (Մարսել): Նշված ընկերությունները խաբում և մոլորեցնում են սպառողներին` իրացնելով ակնհայտորեն բաղադրությանը չհամապատասխանող, ինչպես նաև առողջության համար կասկածելի արտադրանք: Այս ընկերությունների համապատասխան անվանումներով արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ օսլա պարունակող նյութեր, որն ըստ փորձագետների կարող է լինել ցորեն, գարի և կաղին:

Հանձնաժողովի դիտարկմամբ, վերոնշյալ ընկերությունները բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ ստացել են մրցակցային լուրջ առավելություններ, քանի որ շնորհիվ էժանագին հավելանյութերի, կարողացել են սուրճը իրացնել անհամեմատ ցածր գնով:

Համաձայն օրենքի, տնտեսվարողի ցանկացած վարքագիծ, որը կարող է մոլորեցնել հասարակությանը նրա առաջարկած ապրանքների վերաբերյալ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: Տվյալ դեպքում տնտեսվարողների վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար նրանցից յուրաքանչյուրի հանդեպ կիրառվեց 5 մլն դրամ տուգանք:

Վաճառքում առկա է նաև կոֆեինազրկված և ցածրորակ սուրճ:

Բացի այս, բացահայտվել է նաև, որ փորձաքննության ենթարկված մոտ 2 տասնյակ փաթեթավորված սուրճի տուփերում թեև հավելանյութեր չկան, սակայն արտադրանքը ցածրորակ է, իսկ երբեմն էլ` պարզապես ոչ պիտանի օգտագործման համար: Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում սուրճի բաղադրության մեջ կոֆեինի պարունակությունը չափազանց քիչ է, այսինքն, սպառողին վաճառվում է կոֆեինազրկված և անորակ սուրճ, որի մասին սպառողը տեղյակ չէ: Իսկ կոֆեինի պարունակության չափից կախված է ոչ միայն սուրճի որակը, այլ նաև գինը: Ի տարբերություն եվրոպական երկրների և Ռուսաստանի Դաշնության, որտեղ այս խնդիրը հստակ կանոնակարգված է և արտադրողը պարտադիր կերպով տուփի վրա նշում է կոֆեինի պարունակության աստիճանը, իսկ որոշակի շեմից ցածր լինելու դեպքում նշում է, որ դա կոֆեինազրկված է, ապա Հայաստանում սպառողը տեղեկացված չէ, թե ինչ սուրճ է գնում: Այս խնդիրը մեր երկրում դեռևս կանոնակարգված չէ, ինչի հետ կապված Հանձնաժողովը կդիմի ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, քանի որ այս բացից օգտվելով` շատ տնտեսվարողներ դրսևորում են անբարեխիղճ վարքագիծ` շարունակաբար խաբելով և մոլորեցնելով սպառողներին:

Հանձնաժողովի կողմից տարբեր շուկաների ուսումնասիրության ժամանակ հաճախակի են հայտնաբերվում անբարեխիղճ վարքագիծ դրսևորող տնտեսվարողներ: Այդ իսկ պատճառով Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ այս գործելաոճից` միաժամանակ զգուշացնելով, որ խախտումը կրկնելու դեպքում կիրառվելու են անհամեմատ բարձր ֆինանսական տուգանքներ:

Տեղեկացնենք, որ Հանձնաժողովը հսկիչ գնումը կատարել է խոշոր սուպերմարկետներից: Քանի որ սուրճի շուկայում կան բազմաթիվ տնտեսվարողներ, ապա գնվել և փորձաքննության է հանձնվել որոշակի գնային շեմից ցածր` համեմատաբար էժան արժեք ունեցող սուրճը:

Բացահայտված չարաշահումների ողջ փաթեթը կուղարկի նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, ինչպես նաև իրավապահ մարմիններին, քանի որ գործ ունենք տնտեսվարողների կողմից թույլ տրված ակնհայտ կեղծարարության փաստի հետ: