2 դեկտեմբերի 2011 - 17:18 AMT
«Ուլիսի» մարզիչ. 2011թ. լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի ազգային հավաքականի անդամներից մեկը

«Կարծում եմ, տարվա լավագույն ֆուտբոլիստ կճանաչվի ազգային հավաքականի անդամներից մեկը: Ես քվեարկել եմ Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի և Ռոման Բերեզովսկու օգտին, սակայն, կարծում եմ, որ հավաքականի բոլոր ֆուտբոլիստները 2011թ. լավ խաղ են ցուցադրել»,-հայտարարել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի, Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու բոլոր շանսերն ուներ, սակայն, ցավոք, չստացվեց: «Կարծում եմ, որ այդ հաղթական ոգին հավաքականը պետք է պահպանի նաև աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հավաքականը պետք է զերծ մնա այն սխալներից, որոնք եղան այս տարի: Մեր ֆուտբոլիստներն արժանի խաղ ցուցադրեցին»,-հավելել է նա:

Տարվա մարզիչ անվանակարգում «Ուլիսի» մարզիչը քվեարկել է Վարդան Մինասյանի (Հայաստանի հավաքական, «Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյանի («Գանձասար») և Արմեն Գյուլբուդաղյանի («Իմպուլս») օգտին: