
Կնեսետի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստը` նվիրված Օսմանյան կայսրությունում 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, դեկտեմբերի կես է տեղափոխվել: Հարցն այդ հանձնաժողովի դիտարկմանը փոխանցելու մասին որոշումն ընդունվել էր Կնեսետի լիագումար նիստում այս տարվա մայիսին: «Իսրայել` մեր տուն» խմբակցությունից պատգամավոր Ալեքս Միլլերի գլխավորած հանձնաժողովում այդ քննարկումը ծրագրվում էր դեկտեմբերի 5-ին: Սակայն դրանից չորս օր առաջ որոշվեց հետաձգել նիստը մեկ-մեկուկես շաբաթով:
Ինչպես IzRus պորտալին պարզաբանել է Ալեքս Միլլերը, պատճառ է հանդիսացել Կնեսետի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի` այդ նիստին մասնակցելու ցանկությունը: Դեկտեմբերի 5-ին նա արտասահմանում է լինելու, ուստի Կնեսետի մայիսյան լիագումար նիստում այդ քննարկման նախաձեռնողներին` պատգամավորներ Գալյոնին («ՄԵՐԵՑ») և Էլդադին («Իհուդ լեումի») խնդրեց համաձայնեցնել կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ համագումարի ամսաթիվը:
Միլլերը հավելել է, որ ցանկացած դեպքում այդ նիստը տեղի կունենա դեկտեմբեր ամսին: Նոր ամսաթիվը, ամենայն հավանականությամբ, պարզ կդառնա մյուս շաբաթվա սկզբին:
Ավելի վաղ Միլլերը նշել էր, որ «դեմ է պոպուլիստական որոշումներին» և «առաջիկա նիստի ընթացքում սկանդալային միջադեպեր» թույլ չի տա: