13 դեկտեմբերի 2003 - 20:15 AMT
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Պաշտոնական Բաքուն ստանձնել է Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին հայ զինծառայողների անվտանգության ապահովումը: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին է հայտարարել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության աշխատակից Իլգար Վերդիեւը: Հիշեցնենք, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու «Cooperative Best Effort-2004» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ադրբեջանի տարածքում 2004 թվականի սեպտեմբերին: Ի.Վերդիեւի խոսքերով, «հայ զինծառայողները նախկինում նույնպես մասնակցել են Ադրբեջանում կայացած ՆԱՏՕ-ի միջոցառումներին, եւ ոչ ոք նրանց դեմ մահափորձ չի կատարել»: Մինչդեռ, Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը չի հանդուրժի Ադրբեջանում հայ զինծառայողների ներկայությունը: «Հայերը կզղջան, եթե գեթ մեկ զինվորի ոտք մտնի մեր հողը: Մենք չենք վախենում ոչ քրեական հետապնդումից, ոչ էլ ձերբակալություններից», - ասել է նա: