3 դեկտեմբերի 2011 - 18:20 AMT
Ազգային պատկերասրահում բացվելու է Հմայակ Հակոբյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդես

Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից մեկի` Հմայակ Հակոբյանի 140-ամյակին նվիրված ցուցահանդեսը:

Հմայակ Հակոբյանի ծննդյան 140-ամյակին նվիրված ցուցահանդեսի կապակցությամբ Ազգային պատկերասրահը հրատարակել է նկարչի ստեղծագործությունների ընտրանիից կազմված գիտական կատալոգը, որտեղ ներկայացված են ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների ալբոմը, թանգարանում պահպանվող ստեղծագործությունների ամբողջական ցանկը, նկարչի կյանքի ու կենսագրության տարեգրությունը և մատենագիտությունը:

19-րդ դարի վերջի և 20-ի սկզբների հայ ռեալիստական արվեստի նշանավոր դեմքերից է Հմայակ Հակոբյանը (1871, Տրապիզոն - 1939, Թիֆլիս), որի ստեղծագործական հարուստ ժառանգությունը տակավին ուշարդության չի արժանացել:

Նկարիչը մասնագիտական կրթություն է ստացել Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում (1891-1894), ապրել ու ստեղծագործել Թիֆլիսում, ճամփորդել Շվեյցարիայում ու բազմիցս այցելել Հայաստան: 1889 թվականից գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներով մասնակցել է Թիֆլիսում ու Երևանում կազմակերպված ցուցահանդեսներին:

Նրա նախասիրությունները դրսևորվել են կերպարվեստի բոլոր ժանրերում: Նկարել է Թիֆլիսի բազմազգ բնակչության կյանքին ու կենցաղին նվիրված թեմատիկ ու ժանրային հորինվածքներ, ազգային ու անհատական բնութագրումով առանձնացող իր մտերիմ մարդկանց և տարբեր ազգերի ներկայացուցիչների դիմանկարներ, էտյուդային բնույթի գողտրիկ բնանկարներ ու դասական հորինվածքով նատյուրմորտներ, նոր թեմաներով ու ժարերով, գեղավեստական արտահայտչամիջոցներով հարստացրել հայ արվեստը: