6 դեկտեմբերի 2011 - 12:18 AMT
Արամ I վրդովված է Ալեն Ժյուպեի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Լիբանանում հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կուտեյրոնի հետ:

Ինչպես հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Արամ Առաջինը վրդովմունք է արտահայտել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունների վերաբերյալ:

«Ինչպե՞ս է ստացվում, որ Ֆրանսիայի խորհրդարանը և վերջին երեք նախագահները պաշտոնապես ընդունել են Հայոց ցեղասպանությունը, Ֆրանսիայի նախագահը վերջերս Երևանում այդ հարցի վերաբերյալ արտահայտեց իր աջակցությունը, սակայն նույն երկրի նախարարը միանգամայն հակառակ հայտարարությունն է անում Թուրքիայում»,- ընդգծել է կաթողիկոսը:

Պատասխանելով այս հարցին՝ ԱԳ նախարարը նկատել է, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունը, սակայն դրա հետ մեկտեղ չի կարող հաշվի չառնել Թուրքիային:

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն 1915 թ իրադարձությունների թեման համարել է «մարտահրավեր», պատրաստակամություն հայտնելով իր երկրում անցկացնել այդ հարցի վերաբերյալ հայ-թուրքական քննարկումներ:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել է Ծիծեռնակաբերդի՝ Եղեռնի զոհերի հուշահամալիրը, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Մասնավորապես, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ խմբային մերժումն ավելի լուրջ է, քան անհատականը: «Եթե Թուրքան, ինչպես մյուս մեծ պետությունները, չընդունի Հայերի ցեղասպանությունը, Ֆրանսիան այլ միջոցներ կձեռնարկի՝ ընդհուպ մինչև ցեղասպանության ժխտման մասին քրեական օրինագծի ընդունում»,- ասել է նա: