6 դեկտեմբերի 2011 - 16:03 AMT
Հանքվանում մոլիբդենի հա՞նք է շահագործվելու

Հանքվանում հնարավոր է սկսվի մոլիբդենի նոր հանքի շահագործում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս հարցով իր անհանգստությունն հայտնեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ, բնապահպան Արման Վերմիշյանը։

«Հանքավանում տրված է Մոլիբդենի հանքավայր հետախուզելու թույլտվություն։ Սա արդեն շատ բան է ասում... մեր սիրելի բնապահպանության նախարարությունը չի կատարում իր հիմնական ֆունկցիան՝ բնապահպանությունը։ Նախարարության աշխատակիցների հետ խոսում ենք, վերջին խոսքն ասում են՝ վերև նայեք։ Ուրեմն մենք դիմում ենք հանրապետության նախագահին, պահանջում ենք հանդիպում մեզ հետ ու կտրուկ փոփոխություններ այս ոլորտում։ Ղեկավար մարմինը պետք է իր վերաբերմունքը փոխի բնապահպանության հանդեպ»,- ասաց բանախոսն ու վստահաբար նշեց, որ բնապահպանության նախարարությունն արդեն իսկ տվել է հանքի շահագործման համար անհրաժեշտ փորձաքննության դրական եզրակացությունը։ «Բնապահպանական փորձաքննություն» կազմակերպության տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը, սակայն, շտապեց նշել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղում մոլիբդենի հանքավայրի շահագործման նախագիծը դեռևս գտնվում է փորձաքննության փուլում, և որևէ եզրակացություն դեռ չի տրվել. «Հասարակական լսումներ այս թեմայով եղել են։ Տվյալ նախատեսվող գործունեության վերաբերյալ բնապահպանության նախարարությունը վերջնական փորձագիտական եզրակացություն չի տվել»։

Արման Վերմիշյանի այն դիտարկմանը, թե Հանքավանում այնուամենայնիվ ընթանում են հետախուզական աշխատանքներ, Գրիգորյանը պատասխանեց՝ «Ըստ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ գործող օրենքի, ցավոք սրտի, երկրաբանահետազոտական աշխատանքները փորձաքննության ենթակա չեն։ Նոր օրենքով ենթակա են»։ Բնապահպանը հույս հայտնեց, որ փորձաքննության եզրակացությունը կլինի բացասական և հավելեց, որ իրենք լինելու են հետևողական. «Առանց հետազոտելու էլ պարզ է, որ քննարկելու կամ լուրջ վերլուծության հարց չկա»։