6 դեկտեմբերի 2011 - 17:43 AMT
Nokia-ն և Mail.Ru-ն միասին վեբ-բրաուզեր են թողարկել

Բջջային հեռախոսների արտադրող Nokia ընկերությունը և ինտերնետ հոլդինգ Mail.Ru Group-ը թողարկել են բջջային վեբ-բրաուզեր Nokia Series 40 հարթակով աշխատող հեռախոսների համար։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Թողարկված բրաուզերի մեջ ներկառուցված են Mail.ru-ի ծառայությունները, որոնց թվում են էլփոստ ծառայությունը, «Мой мир» (Իմ Աշխարհը) սոցիալական ցանցը և նորությունների ագրեգատորը։ Բրաուզերը կարելի է ներբեռնել Mail.ru-ի բջջային տարբերակից՝ m.mail.ru-ից։

Բրաուզերն օգտագործում է տվյալների սեղմման տեխնոլոգիան, ինչը թույլ է տալիս օգտագործողներին խնայել ինտերնետ թրաֆիկի ծախսերը։ Տվյալների սեղմման տեխնոլոգիայով հայտնի բրաուզերներից է Opera Mini-ն։

Բրաուզերը հասանելի է լինելու Nokia-ի Series 40 հեռախոսներից 27 մոդելի համար, որոնց թվում են՝ Nokia 2700, X2-00, 5130, C3-00, 6700, 6303։

Nokia-ի Series 40 հեռախոսները ներկայացվել են 2002-ին։