6 դեկտեմբերի 2011 - 17:47 AMT
ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ ԱԳՆԽ ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի հարձակողական պոտենցիալի ավելացման վրա

Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը բնորոշվում է սպառազինության վերահսկողության չպահպանմամբ ու խախտումով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում, հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Վիլնյուսից:

Ըստ ԱԳՆ ղեկավարի, Ադրբեջանը շարունակում է ռազմական բյուջեի ապակայունացնող ավելացումը և հարձակողական պոտենցիալի կուտակումը, դրանով իսկ խախտելով իր բոլոր միջազգային պարտավորություններն ու անվտանգության սկզբունքներն ընդհանուր առմամբ, միաժամանակ ռազմատենչ հայտարարություններ անելով, ինչն իր հերթին ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի խախտում է: Ինչպես նշել է Նալբանդյանը, նման ռազմատենչ դիրքորոշումը սնուցվում է հակահայկական քարոզչությամբ ու հայատյացության սերմացմամբ: Ռասիզմի ու անհանդուրժողականութայն դեմ կոմիտեն 2011թ. զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանը մշտապես հիշատակվում է ԶԼՄ-ներում և Ադրբեջանի պաշտոնյաների կողմից բացասական համատեքստով և խորհուրդ է տվել Ադրբեջանի իշխանություններին պատշաճ ձևով արձագանքել հայերի հանդեպ խտրականության ու ատելության դեպքերին:

«Աստանայում մենք հաստատեցինք, որ առավել ակտիվ ջանքեր պետք է գործադրվեն ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման համար համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում: Այդ առումով մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի ավանդը ԵԱՀԿ ՄԽ ջանքերում: Ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Հայաստանի մոտ առկա են դրական ակնկալիքները Կազանի հանդիպումից, որը նախաձեռնել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ցավոք, այդ հանդիպմանը չհաջողվեց բեկման հասնել, քանի որ Ադրբեջանը պատրաստ չէր ընդունել համանախագահների առաջարկած փաստաթուղթը, ինչպես պատրաստ չէր ընդունելու փաստաթուղթը Սոչիում 2011թ. մարտին, Աստրախանում 2010թ. հոկտեմբերին և Սանկտ Պետերբուրգում 2010 հունիսին: Ադրբեջանը նաև շարունակում է խոչընդոտել 2011թ. մարտին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեծղման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության իրագործմանը՝ այդպիսով պատասխանատվություն կրելով հրադադարի ռեժիմի խախտման և զոհերի համար: Հայաստանն ու Ղարաբաղն անվերապահորեն հետևում են այդ կոչերին»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ըստ նրա, Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համընկնում է միջազգային հանրության դիրքորոշման հետ, որն արտացոլված է ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Հելսինկիի և Աթենքի հայտարարությունների մեջ, ինչպես նաև ԵԱՀԿ ԱԳՆԽ Ալմաթիի և Աստանայի գագաթաժողովի հայտարարություններում, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ երկրների նախագահների Աքվիլայի, Մուսկոկայի և Դովիլի հայտարարություններում:

Անկախ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումից՝ Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար, ասել է Է.Նալբանդյանը: