6 դեկտեմբերի 2011 - 18:29 AMT
ՀԱԷԿ անվտանգության բարձրացումն իշխանությունների ուշադրության կենտրոնում է

ՀԱԷԿ անվտանգության բարձրացումն իշխանությունների ուշադրության կենտրոնում է, հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 12-րդ նիստը՝ ողջունում եմ Խորհրդի նիստը: Նախագահը մասնավորապես ասել է. «ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացումը մնում է Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:

Ես ծանոթացել եմ ՀԱԷԿ-ի կարգավորող մարմնի և ղեկավարության կողմից ներկայացված նյութերին, ինչպես նաև ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման վերաբերյալ Վիեննայում ս.թ. հոկտեմբերին կայացած ՄԱԳԱՏԷ-ի համակարգող խորհրդի նյութերին:

Մենք հասկանում ենք դոնոր երկրների դիրքորոշումը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքների համաֆինանսավորման մեջ հայկական կողմի մասնակցության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը լուրջ ճշգրտումներ են մտցրել մեր ծրագրերում»:

«2010թ. ապրիլին բարձրացվեց բնական գազի սակագինը: Չցանկանալով խորացնել բնակչության սոցիալական վիճակը՝ մենք պահպանեցինք էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը և միայն բարձրացրեցինք ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի մշակման սակագինը: Բայց այս ընթացքում թանկացել են ինչպես միջուկային վառելիքը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների արժեքը: Արդյունքում, ՀԱԷԿ-ի սակագնային տարբերությունը (մարժան) անբավարար եղավ անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Այդ կապակցությամբ, մենք փորձում ենք ստեղծված դրությունից դուրս գալու համար լրացուցիչ ռեսուրսներ փնտրել: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցության որոշ ասպեկտների վրա: Ամեն տարի մեր երկիրն ընդունում է մինչև 10 առաքելություն ՀԱԷԿ-ի անվտանգության և պաշտպանվածության, ինչպես նաև սեյսմիկ և շահագործման անվտանգության ստուգման համար: 2011թ. մայիսին մենք ընդունեցինք ՕՍԱՐՏ առաքելությանը, որն իրականացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության խորացված ստուգում: Փորձարկվեցին կայանի գործունեության 8 ուղղություններ, և ՕՍԱՐՏ-ի խումբն այլ երկրներում տարածման դրական փորձի 7 օրինակ հայտնաբերեց», ասել է Սերժ Սարգսյանը:

«Խումբն ըստ ոլորտների ներկայացրեց 14 երաշխավորագիր և 12 առաջարկություն, որոնց հետ կապված ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը կարող է բարձրացվել: Հայաստանի կառավարությունը նոյեմբերին պաշտոնապես ստացավ առաքելության վերջնական հաշվետվությունը: Հաշվետվությունը համակողմանիորեն կդիտարկվի և կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն ոլորտների կատարելագործման համար, որոնց հետ կապված առաքելությունը ներկայացրել է երաշխավորագրեր և առաջարկություններ:

Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի 2012թ. վերջին, 2013թ. սկզբին կայանալիք կրկնակի ստուգումը հավաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի և կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայկական կողմը որոշում է կայացրել հնարավորին կարճ ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի սթրես-թեստ անցկացնել:

Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել օգնել սթրես-թեստերը ժամանակին անցկացնելու հարցում: Ներկայում ՀԱԷԿ-ն արդեն սկսել է այդ միջոցառման իրականացման աշխատանքների նախապատրաստումը: Սթրես-թեստերի արդյունքները պատրաստ կլինեն 2012թ. երկրորդ եռամսյակում»,-ասել է նախագահը Խորհրդի նիստում: