6 դեկտեմբերի 2011 - 19:32 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարն առայժմ չի կարող ասել, թե քանի դիտորդ կժամանի ՀՀ խորհրդարանական ընտրություններին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Յանեշ Լենարչիչը հույս է հայտնել, որ ՀՀ իշխանությունները ժամանակին կհրավիրեն ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը` մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին Հայաստանում: Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 18-րդ նիստի շրջանակում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից դիտորդների մասնակցության մասին հարցին, Լենարչիչն ասել է. «Շնորհակալություն հարցի համար. այն ինձ հնարավորություն է տալիս պատասխանելու` «չգիտեմ»:

Նրա խոսքով` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ը չունի հստակ կլիշե` քանի հոգու և ուր ուղարկել: «Սկզբում մենք իրադրության նախնական գնահատման խումբ կուղարկենք, որը, հավանաբար, Հայաստան կայցելի հաջորդ տարվա սկզբին, ինչպես դա սովորաբար լինում է: Առաքելությունը կհետազոտի իրադրությունը տեղում, մասնավորապես` կհանդիպի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների` քաղաքական կուսակցությունների, ԶԼՄ-ների, իշխանական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և դրա հիման վրա խորհրդատվություններ կպատրաստի դիտորդական առաքելության ձևաչափի և տեսակի վերաբերյալ: Ես ուզում եմ առանձնապես ընդգծել, որ մենք հուսով ենք միևնույն ժամանակ հրավեր ստանալ հայկական կողմից և դիտորդական առաքելության իրականացման գործում համագործակցության և աջակցության հույս ունենք: Սակայն կոնկրետ ձևաչափի մասին մենք կկարողանանք խոսել միայն իրադրության նախնական գնահատման խմբի աշխատանքի ավարտից հետո»,- նշել է Յանեշ Լենարչիչը: