7 դեկտեմբերի 2011 - 12:41 AMT
«Նուռ» կինոփառատոնի հաղթող դարձավ Ստեֆան Կազանջյանի «Աշխարհի թագավորը»

Հայտնի դարձան Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող «Նուռ» 6-րդ կինոփառատոնի հաղթողները: Ինչպես նշված է փառատոնի պաշտոնական կայքում, «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեֆան Կազանջյանի «Աշխարհի թագավորը» ֆիլմը:

«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» են ճանաչվել Էմիլ Մկրտչյանի «Տիեզերանավը» և Հուսեյն Կարաբեյի «Մթությունը մեզ չի ստիպի մոռանալ» ֆիլմերը: Մաթյո Ձեյթինջիօղլուի «Ձիթավաճառի որդին» և էրիկ Հաչիկյանի և Ռենդի Բելլի «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» ֆիլմերն արժանացել են «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգին: Հանդիսատեսը իր համակրանքը տվել է Բրեյդեն Քինգի «Այստեղ» ֆիլմին:

Կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվել են հայ կամ օտարազգի ռեժիսորների այն ֆիլմերը, որոնք տարբեր կերպով առնչվում են Հայաստանին: Այս տարվա ժյուրիի կազմում ընդգրկված էին պրոդյուսեր Սիլվա Բասմաջյանը, կինոռեժիսոր և կինոօպերատոր Նորայն Կասպարը և դերասանուհի Արսինե Խանջյանը:

Այն կայացել էր դեկտեմբերի 1-4-ը, հաղթողնորի անունները հայտնի են դարձել դեկտեմբերի 6-ին: Կինոփառատոնի կազմակերպիչն էր Կանադայի «Համազգային» կենտրոնը: