7 դեկտեմբերի 2011 - 13:42 AMT
ԿԱՐԾԻՔ
Էլմար Մամեդյարովը բողոքում է ԵԱՀԿ-ին Հայաստանից, սակայն սերտ անձնական կապեր է ցանկանում հայերի հետ

Ելույթ ունենալով Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ 18-րդ նիստում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պատեհ առիթը բաց չի թողել բողոքելու համար Հայաստանի «աճող ռազմական ծախսերից»: Բավականին ծիծաղելի է բողոքներ լսել մի երկրի ԱԳՆ ղեկավարից, որի բյուջեում առաջին տողով գնում են ռազմական ծախսերը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մշտապես պարծենում են նրանով, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի ողջ պետբյուջեն: 2010թ. Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 2,15 մլրդ դոլար, 2011-ին՝ 3,3 մլրդ դոլար: 2012թ. այդ թիվը նախատեսվում է ավելացնել:

Ավելին, Բաքուն, սեփական զենք արտադրելուց բացի, համառորեն սպառազինություն է գնում որտեղ միայն հնարավոր է, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության միջնորդ երկրներից, իսկ Ադրբեջանին զենք առաքող երկրների աշխարհագրությունը գնալով մեծանում է: Ընդ որում համաշխարհային հանրությունն ավանդաբար աչք է փակում Ադրբեջանի կողմից ԵՍԶՈՒ բոլոր նորմերի կոպիտ խախտումների վրա, որոնք ուղեկցվում են հակահայկական քարոզչությամբ, ռազմական հռետորաբանությամբ ու ցանկացած պահի պատերազմ սկսելու սպառնալիքով:

Հավանաբար, Բաքվին հանգիստ չի տալիս սեպտեմբերի 21-ին Երևանում կայացած զորահանդեսը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-ամյակին: Հավելած ակնհայտ, սակայն խնամքով թաքցվող այն գիտակցումը, որ ցանկացած պատերազմի դեպքում սպառազինությունը դեռ բավարար չէ, նաև բանակ է հարկավոր, իսկ ռազմական տեխնիկան սպասարկելու համար՝ մասնագետներ:

Այն ֆոնին, թե ինչպես է Ադրբեջանը մինչև ատամները զինվում, Էլմար Մամեդյարովը հայտարարում է բանակցությունները շարունակելու Բաքվի պատրաստակամության մասին: Ընդ որում, բնականաբար, Հայաստանի վրա բարդելով այդ իսկ բանակցությունների անարդյունավետության համար պատասխանատվությունը, կարծես Բաքուն չձախողեց Կազանի հանդիպումը, կարծես Բաքուն չէր, որ արգելակում է որեևէ համաձայնագրի ստորագրումը, կարծես Բաքուն չէ, որ ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել պատերազմ սանձազերծելու գաղափարից:

Իսկ ադրբեջանցի նախարարը դեռ նաև սերտ շփումներ է ցանկանում հայկական կողմի հետ՝ վերականգնելու համար վստահությունն ու բարիդրացիական հարաբերությունները: Ո՞ւմ է փորձում մոլորության մեջ գցել Ադրբեջանը՝ հանդես գալով նման հայտարարություններով: Հայաստանին ու Ղարաբաղին, որոնք հիշում են հայերի կոտորածները Սումգայիթում ու Բաքվում: Համաշխարհային հանրությա՞նը, որը հիանալի իրազեկված է իրական իրավիճակի մասին և որին Ադրբեջանը պետք է միայն, քանի դեռ այնտեղ նավթ կա: Թե սեփական ժողովրդի՞ն, որը սանձի մեջ է պահում միայն ատելի հայերի դեմ պատերազմ սկսելու խոսոտումներով:

Հայերի հետ «սերտ անձնական շփումների» ցանկությունը չի իրագործվի, քանի դեռ Բաքուն վայր չի դրել զենքը ու չի հրաժարվել Արցախի Հանրապետությունը զավթելու գաղափարից՝ ընթացքում, սովորության համաձայն, կոտորելով տեղի հայ բնակչությանը, հենց այնպես, որ ապագայում չխանգարի:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News