7 դեկտեմբերի 2011 - 15:50 AMT
Գերմանիայի դեսպանի անկեղծության ապացույցը կլինի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքի շահագործումից հրաժարվելը

«Հեծանիվ +» ՀԿ անդամ Սամվել Հովհաննիսյանն՝ անդրադառնալով երեկ Երևանում մեկնարկած Կանաչ տնտեսություն խորագրով հայ-գերմանական համաժողովին, որին ներկա էին ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, գրել է. «Եթե իհարկե «Կանաչ տնտեսությունը» չեք հասկանում որպես փող» հոդվածը:

Նա գրում է, որ ինքն էլ է «պատիվ ունեցել» մասնակցելու միջոցառմանը. «Ամենուրեք խոսվում էր կանաչ տնտեսություն զարգացնելու մասին, թե ինչպես պետք է էկոբիզնես զարգացնել, մաքուր գյուղատնտեսություն զարգացնել, բնությունը չոչնչացնելու գնով տնտեսություն զարգացնել, և որ ամենակարևորն էր, թե ինչպես պետք է Հայաստանի կառավարությանը սովորեցնեն « որ բնության ոչնչացումը, երկարաժամկետ առումով, երկրի տնտեսության համար խիստ բացասական նշանակություն է ունենում»։

Հովհաննիսյանը, սակայն, գրում է, որ հենց այստեղ է առաջանում գլխավոր հարցը. «Պարոն դեսպա'ն, եթե Դուք այսօր ցուցադրաբար հեծանիվ եք քշում՝ Ձեր անկեղծ նվիրվածությունը ցուցաբերելով Հայաստանի բնապահպանական խնդիրներին, եթե այսօր Դուք կարծում եք, որ Թռչկանի նախաձեռնությունը շատ լավն է, քանի որ քաղաքացիական նախաձեռնությամբ արգելվեց այնտեղ ՀԷԿ-ի կառուցումը, որովհետև այն վնաս էր հասցնելու շրջակա միջավայրին: Ու եթե Ձեր խոսքերը ու Ձեր կատարած աշխատանքը նույնն են, ու դուք անկեղծ ցանկանում եք, որ Հայաստանում կանաչ տնտեսություն լինի, ապա կարծում եմ Ձեր անկեղծության ամենալավ ապացույցը կլինի որ հրաժարվեք Քաջարանի պղնձամոլիբդենային հանքարդյունաբերության Ձեր ծրագրից: Քանի որ Քաջարանի բնակիչները դեմ են, նրանց ծնողների գերեզմանները դեմ են, նրանց պապական տներն ու հայրենի օջախները դեմ են, Հայաստանի բնապահպանները դեմ են: Այսքանից հետո ինչպե՞ս եք Դուք պատրաստվում զարգացնել Գերմանիայի տնտեսությունը Հայ ժողովրդի ու Հայաստանի հաշվին»: