7 դեկտեմբերի 2011 - 15:51 AMT
4 և ավելի երեխա ունեցող ընտանիքները Հայաստանում ամենաաղքատն են

Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ արեց ՀՀ Կառավարությանը հրատապ քայլեր ձեռնարկել մանկական աղքատությանն արձաքանքելու ուղղությամբ, որը շարունակում է մնալ ավելի բարձր, քան բնակչության մնացած մասի աղքատության մակարդակը` համաձայն ՀՀ Վիճակագրական ծառայության կողմից հրատարակված «Աղքատությունը և սոցիալական պատկերը» 2011թ. զեկույցի:

Զեկույցում նշված է, որ 2010թ. դրությամբ Հայաստանում ավելի քան 300.000 երեխաներ կամ 41.4 տոկոսն ապրում է աղքատության մեջ` ամբողջ բնակչության 35.8 տոկոսի համեմատ: Ավելի քան 27,000 երեխաներ կամ 3.7 տոկոսը ծայրահեղ աղքատ են` ամբողջ բնակչության 3 տոկոսի համեմատ:

Համաձայն զեկույցի` 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն ամենաաղքատն են: Այս ընտանիքներում աղքատության ընդհանուր մակարդակը մոտավորապես 71 տոկոս է, մինչդեռ ծայրահեղ աղքատության մակարդակը`26.4 տոկոս:

Հաշմանդամ երեխաները երկրորդ ամենախոցելի խումբն են կազմում: Այս երեխաների շուրջ 5 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, մինչդեռ 54 տոկոսն աղքատ է:

«Այս զեկույցը, որը պատրաստվել է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության կողմից, տեղեկատվության կարևորագույն աղբյուր է, որի հիման վրա պլանավորում պետք է իրականացվի: Շեշտելով այն հանգամանքը, որ Հայաստանում երեխաները աղքատ խավի շրջանում ամենաաղքատն են, այն կոչ է անում բոլորին լրջորեն անդրադառնալ այս խնդրին և փնտրել ուղիներ պատշաճ ձևով դրանց արձագանքելու համար»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը:

Ընտանեկան նպաստները շարունակում են կարևոր դեր ունենալ ծայրահեղ աղքատ և աղքատ ընտանիքների բարեկեցության հարցում: Չնայած բարելավված թիրախային աջակցությանը` ընտանեկան նպաստները հասանելի չեն բոլոր նրանց, ովքեր դրանց մեծ կարիքը ունեն: Ներկայումս, ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 67 տոկոսը և աղքատ ընտանիքների 26 տոկոսն է կանոնավոր ընտանեկան նպաստ ստանում, որը դեռևս ցածր է 2008թ. ցուցանիշներից:

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը զեկույցում ևս մեկ անգամ հաստատեց, որ ՀՆԱ-ի միայն 0.1 տոկոսն անհրաժեշտ կլինի բոլոր ծայրահեղ աղքատ ընտանիքներին ընտանեկան նպաստ տրամադրելու համար:

«Ցանկանում եմ կոչ անել ՀՀ Կառավարությանը հրատապ արձագանքել մանկական աղքատության խնդրին և ապահովել, որպեսզի երեխաները կարողանան իրացնել իրենց հիմնական գոյատևման, առողջության և կրթության իրավունքները: Հուսով ենք, որ ՀՀ Ազգային ժողովում ընթացող բյուջետային քննարկումների ժամանակ կառավարության և խորհրդարանի անդամները ջանքեր կգործադրեն այս խնդիրը լուծելու ուղղությամբ: Մանկական աղքատության խնդրին չարձագանքելը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների թե՜ երեխաների և թե՜ ողջ երկրի զարգացման համար հետագայում»,- շեշտել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը: