7 դեկտեմբերի 2011 - 16:32 AMT
Սևանի ռեստորաններից մեկի մոտ խմբակային վիճաբանություն է տեղի ունեցել. կա վիրավոր

Դեկտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ 37-ամյա Արա Ս.-ի և 43-ամյա Ռազմիկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Ոստիկանությունից հայտնում են, որ միջադեպին ներկա են գտնվել նաև Արա Ս.-ի և Ռազմիկ Մ.-ի ընկերները: Վիճաբանության ընթացքում Արա Ս.-ն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակել է 31-ամյա Հրաչյա Ա.-ի ուղղությամբ` ոտքի մասում պատճառելով վնասվածք:

Հրաչյա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով:

Արա Ս.-ն ձերբակալված է: Միջոցառումներ են ձեռնարկվում Ռազմիկ Մ.-ին, միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: