7 դեկտեմբերի 2011 - 17:10 AMT
Երևանի քաղաքապետը քննարկել է «Հայփոստի» պատվիրակության հետ փոստային ծառայությունների հարցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Հայփոստ» ՓԲԸ պատվիրակության հանդիպման ժամանակ քննարկվել են փոստային կապի ծառայությունների մատուցման և հետագա գործակցության հետ կապված հարցեր:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը նշել է՝ «Հայփոստ»-ը հանդիսանում է մշտական գործընկեր կազմակերպություն և քաղաքապետարանը պատրաստ է շարունակել հետագա համագործակցությունը;

Քաղաքապետը, կիսելով իր մտահոգությունը ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված, նշել է, որ քաղաքացիների կողմից գույքահարկի և այլ հարկատեսակների գանձումների մասին տեղեկությունները ստացվում են ուշացումներով, ինչը որոշ առումով խնդիրներ է ստեղծում մուտքագրված գումարների տեղեկատվության ամբողջացման, ինչպես նաև քաղաքացիներին լրացուցիչ անգամ անհանգստացնելու առումով:

«Հայփոստ»-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը դիտարկելով որպես առաջնահերթություն, Տարոն Մարգարյանն ընդգծել է ամենօրյա օպերատիվ և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը:

«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նախագահ, Հայաստանի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը նշել է, որ ծառայությունների որակը բարձրացնելու առումով ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ներդնել մի շարք նոր ծրագրեր, որոնց արդյունքում լուծում կստանան նաև բարձրացված հարցերը:

Ներդրվող ծրագրերի արդյունքում , «Հայփոստի» բոլոր բաժանմունքները համաժամանակյա ռեժիմով կապ կունենան գլխամասային գրասենյակի հետ, ինչը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել աշխատանքը և տեղում շտկել հնարավոր թերացումները :