7 դեկտեմբերի 2011 - 17:11 AMT
Թեհրանն արգելափակել է Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության հասանելիությունը

Թեհրանն արգելափակել է Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության հասանելիությունը, հաղորդում է իրանական խորհրդարանի պաշտոնական կայքը:

Խորհրդարանի կայքի հաղորդագրությունում նաև ասվում է, որ ԱՄՆ երբեք չի հարգել Իրանի ժողովրդին: Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր Իրանում ԱՄՆ վիրտուալ ներկայացուցչության բացման մասին:

Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում ասվում է, որ «վիրտուալ ներկայացուցչությունը» Իրանում պետական դիվանագիտական առաքելության փոխարինողը չի լինի, այլ հակառակը, պետք է դառնա Թեհրանի և Վաշինգտոնի միջև կամուրջ:

Դեկտեմբերի 6 Իրանում իր գործունեությունն է սկսել ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը: Նրա կայքում, որը գործում է անգլերեն և պարսկերեն լեզուներով, ասվում է, որ ԱՄՆ կառավարությունն ընտրել է Իրանի ժողովրդի հետ հարաբերությունների կառուցման այս եղանակը:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, կայքում տեղադրված տեսահաղորդագրությունում ասել է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության մասին, ինչպես նաև ԱՄՆ և Իրանի ժողովուրդների միջև երկխոսության խոչընդոտների մասին: Նա նաև հայտարարել է, որ վիրտուալ դեսպանատունը միջոց է հանդիսանալու 2 երկրների մերձեցմանը, միմյանց լավ հասկանալուն, խոչընդոտների հաղթահարմանը: