7 դեկտեմբերի 2011 - 17:49 AMT
Հայաստանը 11 այլ երկրների հետ ստորագրել է կրթության վերաբերյալ միջազգային կոնվենցիա

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի է ունեցել Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների միջազգային կրթական համաժողով` նվիրված բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման գործընթացին, որը անցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ: ԿԳՆ-ից հայտնում են, որ համաժողովին մասնակցել են տարածաշրջանի 26 երկրի, ինչպես նաև Վատիկանի ներկայացուցիչները: Եվս 9 երկիր տարբեր տարածաշրջաններից մասնակցել են դիտորդի կարգավիճակով:

Համաժողովը բացել է Ճապոնիայի Կրթության, կուլտուրայի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարը, ով իր խոսքում կարևորել է կոնվենցիայի նշանակությունը բարձրագույն կրթության հետագա զարգացման համար: Համաժողովի ընթացքում ներկայացվել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիայի խմբագրված տարբերակը, որի հիմնական նպատակն է որակավորումների ճանաչման թափանցիկ ընթացակարգերի միջոցով անդամ երկրների միջև ակադեմիական փոխհամագործակցության ամրապնդումը:

Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլ 11 երկրների ( Չինաստան, Ճապոնիա, Կորեա, Թուրքիա, Վատիկան և այլն) ստորագրել է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների բարձրագույն կրթության որակավորումների ճանաչման միջազգային կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա ամրապնդել գոյություն ունեցող աշխարհագրական, մշակույթային, կրթական, գիտական և տնտեսական կապերը, միաժամանակ պահպանելով կրթական համակարգերի ազգային առանձնահատկությունները, կխթանի մեր երկրների միջև ուսանողների և բուհերի դասախոսական կազմի ներգնա և արտագնա շարժունությունը, մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը գիտելիքների առաջընթացի համար և բարձրագույն կրթության որակի ապահովումը: