7 դեկտեմբերի 2011 - 18:24 AMT
Զոհրաբ Մնացականյան. ԵՄ հետ շարժունակության գործընկերությունը նպաստում է մարդկային պայմանների բարելավմանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) դեկտեմբերի 7-ին, կազմակերպել էին բարձր մակարդակի համաժողով` նվիրված Եվրոպական Միության հետ Շարժունակության գործընկերությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Համաժողովի նպատակն էր քննարկել Արևելյան հարևան երկրների հետ նման գործընկերությունների իրականացումը և 2011թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության մեկնարկը:

Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով ընդգծեց, որ «Հայաստանը Շարժունակության շուրջ գործընկերությունը դիտարկում է նաև ավելի լայն` Եվրոպական Միության հետ միջմարդկային շփումների դյուրացման և ակտիվացման, մեր երկրի զարգացման գործին այդ շփումների ուղղակի դրական ազդեցության համատեքստում»:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա բարձր դինամիկային` փոխնախարարը նշեց, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է փորձի և տեղեկատվության փոխանակման միջոցով հստակ պատկերացում ձևավորելու, Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակում թիրախային ծրագրեր և կոնկրետ նախաձեռնություններ իրականացնելու համար:

Հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը և ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարները ստորագրեցին Հայաստան - Եվրոպական Միություն«Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը:

Շարժունակության շուրջ գործընկերության նպատակն է Հայաստանի և Եվրոմիության միջև միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը և ՀՀ քաղաքացիների օրինական մուտքը կանոնակարգելը: