«Նարեկացի» ժողովորդական նվագարանների համույթը վաղը հանդես կգա համերգով

«Նարեկացի» ժողովորդական նվագարանների համույթը վաղը հանդես կգա համերգով

PanARMENIAN.Net -

Վաղը` դեկտեմբերի 8-ինԵրևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում տեղի կունենա «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթի ( գեղարվեստական ղեկավար էանվանի թառահար և խմբավար Հովիկ Սահակյան) տարվա ամենամեծ մենահամերգը: Համույթը կներկայանա բեմական նոր հանդերձանքով (մոդելավորող` Լալա Սարգսյան), նոր և հագեցած համերգային ծրագրով: Կհնչեն աշուղական, ժողովրդական, ազգագրական երգեր, կտորներ հայ հոգևոր երաժշտությունից, ինչպես նաև հայ դասական ստեղծագործությունների մի շարք փոխադրումներ: Համերգի ընթացքում ներկայացվող բոլոր ստեղծագործությունները կմեկնաբանի ազգագրագետ Արուսյակ Սահակյանը: Հրատարակվել է նաև համույթի կազմում ընդգրկված նվագարանները ներկայացնող պատկերազարդ գրքույկ, որը տրամադրվելու է բոլոր ներկաներին:

«Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կազմավորվել դեռ 2005 թվականին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպված թառի ու քամանչայի անվճար դասընթացների հենքի վրա: Այդ տարիներին հանրապետության երաժշտական դպրոցներում ժողովրդական նվագարանների դասարանները դեռևս վճարովի էին և «Նարեկացի»-ն սահմանել էր հատուկ կրթաթոշակ` պատանի կատարողների մասնակցությունն ու հետաքրքրությունը խրախուսելու համար: Այսօր արդեն «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը կայացած ու համերգային գործունեության հարուստ կենսագրությամբ անսամբլ է: 2008թ-ի օգոստոսի 27-ի իր անդրանիկ ելույթից ի վեր համույթը համերգային ու հյուրախաղային երկար ուղի է անցել` Երևանի, մարզերի և Արցախի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի բեմերով:

Համույթի թողարկած ձայնասկավառակը ճանաչվել է «Տարվա լավագույն ալբոմ»` 2010 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---