Երևանում ամանորյա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ին

Երևանում  ամանորյա միջոցառումների մեկնարկը կտրվի դեկտեմբերի 20-ին

PanARMENIAN.Net - Երեւանի քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքում կազմակերպվելիք ամանորյա տոնական միջոցառումների ծրագիրն ու տոնական ձևավորման մանրամասները:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումների մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 20-ին ժամը 20:00-ին, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Նա նաև նշել է, որ այս տարի նույնպես 31մ բարձրությամբ տոնածառը հավաքվել է սանիտարական էտումից հետո մարզերից բերված բնական եղևնիների ու սոճիների 6000 ճյուղերով:

Տոնածառը զարդարված կլինի ավելի քան 4000 խաղալիքներով ու նաեւ նոր լուսադիոդային լամպերով: Տոնական օրերին սպասվում է նաև ամանորյա աննախադեպ 3D շոու ծրագիր եւ հրավառություն:

Մշակույթի վարչության պետ Կամո Մովսեսյանը նշել է, որ դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 6-ին եւ հունվարի 13-ին Հանրապետության հրապարակում կանցկացվեն համերգային ծրագրեր, Ազատության հրապարակում եւ Սահադաշտի վերածված Կարապի լճում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում եւ մայրաքաղաքի ժամանցի այլ վայրերում սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն մանկական խաղեր ու տարբեր մրցույթներ: Համերգային կատարումներով եւ խաղերով տոնական միջոցառումներ են անցկացվելու նաեւ բոլոր վարչական շրջաններում: Վարչության պետը նաև նշել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական վարչությունը սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 3000 երեխաների համար նախատեսել է ամանորյա նվերներ եւ թատերական ներկայացումների տոմսեր:

Դեկտեմբերի 14-ից հունվարի 15-ը Հյուսիսային պողոտայում կազմակերպվի ումամանորյա վրանային տոնավաճառ, ինչն, ըստ էության, մեկ վայրից ամանորյա գնումներ կատարելու միջազգային դրական փորձի տեղայնացման նպատակ ունի և հաջողության դեպքում կարող է դառնալ ամենամյա: Բացի այդ, մայրաքաղաքում գործունեություն ծավալող տնտեսավարողների շրջանում կկայանա մրցույթ` Ամանորյա լավագույն արտաքին ձևավորում անվանակարգով: Ինչ վերաբերում է բնական տոնածառների սեզոնային վաճառքի կանոնակարգմանը, ապա քաղաքապետի հանձնարարականով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են համապատասխան տարածքներ, որտեղից և կիրականացվի եղևնիների և սոճիների բացօթյա վաճառքը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---