9 դեկտեմբերի 2011 - 10:22 AMT
Ստեփան Սաֆարյան. Հայաստանը պետք է պատրաստ լինի իրանական խնդրի զարգացման ցանկացած սցենարին

«Ես գտնում եմ, որ իրանական խնդրի հետ կապված բոլոր կողմերն այժմ փակուղու մեջ են հայտնվել: Փակուղի Իրանի համար, որովհետև գնալով խստանում են նրա հանդեպ պատժամիջոցները, նրա շուրջ օղակը սեղմվում է` սկսած ՄԱԿ-ում ընդունված պատժամիջոցներից և վերջացրած արաբական հեղափոխությունների ալիքով, որը գնալով մեկուսացնում է Իրանին»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշել է, որ մի կողմից Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագրերը, իսկ մյուս կողմից միջազգային հանրությունը չի կարողանում քաղաքական միջոցներով լուծել այդ խնդիրը: «Ընդ որում, չի կարող և պատերազմի դիմել, թեև նման մարտահրավերներ և հայտարարություններ հնչում են Իսրայելի և այլ երկրների կողմից: Սակայն Արևմուտքը հասկանում է պատերազմի բռնկման անցանկալիությունը, և տարօրինակ իրավիճակ է, երբ չի կարելի քայլ կատարել դեպի ոչ այս, ոչ էլ այն կողմ»,- նկատել է Սաֆարյանը:

Նրա կարծիքով` իրանական խնդրի շուրջ դեպքերի զարգացումն այլևս կախված է լինելու այն բանից, թե արդյոք կլուծվի իրադրությունը Սիրիայում: Սաֆարյանը հայտնել է, որ եթե Իրանին մոտ Բաշար Ասադի վարչակարգը տապալվի, այդժամ արդեն կարելի է ավելի հստակ կանխատեսում կատարել, թե որ կողմ կշարժվի Իրանը. «Արդյոք Իրանը «արաբական գարնան» հերթական կետը կդառնա, ինչպես արդեն բազմիցս ակնարկել են, թե ստիպված կլինեն ռազմական գործողություններ կիրառել նրա նկատմամբ»:

Ինչ վերաբերում է Հայաստանի վրա իրանական իրադարձությունների հնարավոր ազդեցությանը, ապա Սաֆարյանը նշել է, որ Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչ են, քանի որ դրանց օգնությամբ Հայաստանը չեզոքացնում և մեղմացնում է տարածաշրջանում իր դեմ ուղղված բազմաթիվ վտանգներ: Նրա խոսքով`անգամ հաշվի չառնելով այն ռիսկերը, որոնք կարող են ծագել Իրանում ռազմական գործողությունների դեպքում, հատկապես հաշվի առնելով նրա հարևանությունը մեր երկրի և ղարաբաղյան հակամարտության գոտու հետ, շատ կարևոր է նաև այն, որ Հայաստանի անվտանգության քաղաքականության ուղղություններից մեկում կարող է «վակուում առաջանալ»:

Այս կապակցությամբ նա նկատել է, որ Հայաստանը խիստ շահագրգռված կողմ է իրանական հարցում, «և ոչ միայն պետք է իր ձայնը բարձրացնի` ելնելով իր անվտանգության շահերից, այլև պարզապես խոսի անվտանգության իր շահերի, պատերազմի անթույլատրելիության և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին»:

Ընդ որում, Սաֆարյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի իրադարձություններին Իրանում և պատրաստ լինի ցանկացած սցենարի, որպեսզի «վտանգի չենթարկի այն կիսահավասարակշռված իրադրությունը, որն այժմ առկա է մեր արտաքին քաղաքականության մեջ»: