6 դեկտեմբերի 2003 - 20:01 AMT
ՄՈՍԿՎԱՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ, ՈՐ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՏԵՂԱԿԱՅՎԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ
Ռուսաստանը թույլ չի տա, որ ամերիկյան զորքերը տեղակայվեն Ադրբեջանում: Այդ մասին հայտարարել է լրագրողներին Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը` մեկնաբանելով ամերիկա-ադրբեջանական փոխգործակցության ամրապնդման ծրագրերը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի սահմանների պաշտպանման առումով: Նրա խոսքերով` կան «անպատասխանատու քաղաքական գործիչներ» եւ քաղաքագետներ, որոնք գտնում են, որ «ձգելով այստեղ ամերիկյան կամ այլ արտասահմանյան ռազմակայան, Ադրբեջանը ձեռք կբերի երջանկություն»: «Ես միանշանակորեն կասեմ` այդ գիծն ուղղված է ի վնաս Ադրբեջանի»,- հայտարարել է Ռյաբովը: Նրա խոսքերով` «ոչ մի օտարերկրյա ռազմակայան չի լուծի ղարաբաղյան հիմնախնդիրը: Ընդհակառակը` նման կայանի հայտնվելը կհեռացնի, եւ շատ լրջորեն, տվյալ խնդրի լուծումը»: Բացի այդ, օտարերկրյա կայանի տեղակայումը չի բարելավի Ադրբեջանի հարաբերությունները նրա հարեւանների, եւ, առաջին հերթին` Իրանի եւ Ռուսաստանի հետ: Ռյաբովը գտնում է, որ անհրաժեշտություն չկա, որպեսզի խողովակաշարերը պաշտպանեն օտարերկրյա զորքերը: «Դեռեւս Հեյդար Ալիեւն էր ասում, որ մենք հնարավորություն ունենք դրա համար»,- հիշեցրել է դեսպանը: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունը, ՌԴ դեսպանի Ադրբեջանում ամերիկյան զորքերի տեղակայման մասին կտրուկ հայտարարությունը բուռն վիճաբանությունների տեղիք է տվել միլի մեջլիսում: Խորհրդարանականները մեղադրել են Ռյաբովին, «անկախ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելում»: Պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հանդես է եկել նախաձեռնությամբ` Ռյաբովին «վտարանդի անձ» հայտարարել: Նմանօրինակ նախաձեռնությամբ մի քանի օր առաջ նա հանդես էր եկել Ադրբեջանում Նորվեգիայի դեսպան Սթեյնար Գիլի հանդեպ: