9 դեկտեմբերի 2011 - 14:59 AMT
Սերժ Սարգսյան. Հակահայկական քարոզչության ահագնացումը չի կարող անհետևանք մնալ

Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է ներկայացնել ղարաբաղյան հակամարտությունը որպես կրոնական հակամարտություն, սակայն, այդ քարոզչությունը անհեթեթ է նրանց համար, ով գիտի հակամարտության պատմությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ճեպազրույցում: «Միևնույն ժամանակ, անիրազեկ մարդկանց պարագայում ադրբեջանական քարոզչությունը կարող է չափազանց վտանգավոր լինել»,-ասել է նախագահը:

Նախագահը նաև հայտարարել է, որ նման հակահայկական քարոզչության ահագնացումը չի կարող անհետևանք մնալ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը: Այցի շրջանակներում Սուլեյմանը կհանդիպի նաև օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է 7 համաձայնագիր տարբեր ոլորտներում: