9 դեկտեմբերի 2011 - 15:38 AMT
Ադմեդ Դավութօղլու. Բաշար Ասադը դեռ հնարավորություն ունի վերջ դնելու բռնություններին Սիրիայում

Թուրքիան մտադիր չէ միջամտել Սիրիայի ներքին գործերին, միևնույն ժամանակ, նա հարևան պետությունում արյունահեղության պայմաններում չի կարող լինել կողմնակի դիտորդի դերում, ասել է ԱԳ նախարար Ադմեդ Դավութօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա կարծիքով, Բաշար Ասադի ռեժիմը դեռ հնարավորություն ունի վերջ դնելու բռնություններին Սիրիայում:

«Եթե Ասադն անկեղծ է, նա պետք է գտնի և պատժի մարդասպաններին, ինչպես նաև երկիր թողնի դիտորդներին»,- Անկարայում լրագրողներին է ասել թուրք դիվանագետը:

Թուրքիան ողջունել է Արաբական պետությունների լիգայի՝ ԱՊԼ՝ Սիրիայի վերաբերյալ որոշումը և նոյեմբերի վերջին նրա հանդեպ սահմանել է ֆինանսական պատժամիջոցներ: Դրանք, մասնավորապես, նախատեսում են Սիրիայի և նրա հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի և համագործակցության ռազմավարական մեխանիզմների սառեցում, երկիր՝ սիրիական գործարարների և ադմինիստրացիայի, մուտքի արգելքի ընդունում, սիրիական Կենտրոնական բանկի հետ համագործակցության դադարեցում, նախագահ Բաշար Ասադի ռեժիմի և սիրիական կառավարության ֆինանսական ակտիվների արգելափակում և նրան զինամթերքի վաճառքի դադարեցում: Պատժամիջոցները, բացի այդ, նախատեսում են Սիրիայի և մասնավոր բանկերի միջև բոլոր վարկային պայմանավորվածությունների սառեցում:

Տեղի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Թուրքիան նաև իր բանկերում արգելափակել է 100 մլն դոլար, որոնք պատկանում են Սիրիային:

Սիրիայում արդեն գրեթե 9 ամիս չեն դադարում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտի կեսերին երկրի հարավում՝ Դերաա քաղաքում, ապա տեղափոխվել էին այլ շրջաններ: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջը խրախուսվում է ԱՄՆ և ԵՄ երկրների կողմից, ովքեր Դամասկոսի դեմ ընդունել են մի շարք տնտեսական պատժամիջոցներ: ՄԱԿ-ի տվյալներով, երկրում բախումների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը: