9 դեկտեմբերի 2011 - 15:42 AMT
Ռուբեն Հայրապետյան. Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը չտուժի

Դեկտեմբերի 9-ին երկրպագուների ՖԱՖ (Առաջին հայկական ճակատ) շարժումը Վարդան Մամիկոնյանի արձանի տարածքում բողոքի ակցիա էր կազմակերպել` ի պաշտպանություն «Հրազդան» մարզադաշտի: Ֆուտբոլային երկրպագուներն իրենց դժգոհությունն էին արտահայտում Երևանի քաղաքապետարանի որոշման առնչությամբ, ըստ որի «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում նախատեսվում է կառուցել 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն:

Մոտավորապես 70 երկրպագուների հետ հանդիպման եկավ ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը նշեց, որ ինքն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի «Հրազդան» մարզադաշտը չտուժի և հնարավոր լինի այնտեղ անցկացնել միջազգային հանդիպումներ:

«Ես քիչ առաջ եմ զրուցել Երևանի քաղաքապետի հետ, և նա նշեց, որ նման որոշում քաղաքապետարանը չի կայացրել: Եվ ես չեմ կարծում, որ կլինի նման որոշում: Ուղղակի օգոստոսին եղել է նախագիծ, և ՈՒԵՖԱ-ից մենք նամակ ենք ստացել, համաձայն որի, եթե «Հրազդանի» տարհանման գոտում նման շինություն կառուցվի, ապա կարգելվի այնտեղ որևէ հանդիպում անցկացնել»,- նշել է Հայրապետյանը:

Հայրապետյանը կոչ արեց բողոքի ակցիայի մասնակիցներին, որ երթով չշարժվեն դեպի քաղաքապետարան և ՀՀ կառավարություն, քանի որ այս հարցը քննարկման փուլում է: Սակայն ՖԱՖ-ի անդամները, ինչպես և նախատեսել էին, ցանկացան իրենց բաց նամակները հանձնել այս կառույցներին: