9 դեկտեմբերի 2011 - 16:06 AMT
Միշել Սուլեյման. Լիբանանում պայթյունի նպատակն է վիժեցնել խաղաղապահ առաքելությունը

Լիբանանում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողության նպատակն է խաղաղապահ առաքելության վիժեցումը: Այդ մասին այսօր Երևանում հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը՝ մեկնաբանելով Լիբանանի հարավում տեղի ունեցած պայթյունը:

«Լիբանանի իրավապահ մարմինները անհրաժեշտ հետաքննություն կանցկացնեն՝ պարզելու համար ահաբեկչական գործողության կազմակերպիչներին»,-հայտարարել է նա:

Սուլեյմանը համոզվածություն է հայտնել, որ նման սադրանքները չեն անդրադառնա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացի ու միջազգային հանրության վրա:

Այդ համատեքստում Միշել Սուլեյմանը ուշադրությունը հրավիրել է ՄԱԿ ԱԽ 1701 բանաձևը կյանքի կոչելու անհրաժեշտության վրա, որի համաձայն Լիբանանն ու Իսրայելը պարտավորվում են դադարեցնել կրակն ու ետ քաշել զորքերը:

Այսօր Հարավային Լիբանանում ճանապարհամերձ ռումբի պայթյունի արդյունքում այդ շրջանում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևող հինգ ֆրանսիացի խաղաղապահ է տուժել, հաղորդում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել Բուրջ ալ-Շիմալի գյուղի մոտ` Տիր քաղաքի մերձակայքում. զրահապատ մեքենան, որով ընթանում էր ֆրանսիական պահակախումբը, ճանապարհից դուրս է նետվել պայթյունով, որը մեկ մետր խորությամբ փոս է առաջացրել:

Ոչ ոք չի ստանձնել հարձակման համար պատասխանատվությունը: Լիբանանյան իշխանությունները ՄԱԿ-ի խաղաղապահ զորակազմից մասնագետների հետ համատեղ արդեն սկսել են կատարվածի հետաքննությունը, հաղորդում է lenta.ru-ն: ՄԱԿ-ի առաքելության խաղաղապահների դեմ ահաբեկչական գորոծղությունները Լիբանանի հարավում հաճախակի դարձան վերջին տարվա ընթացքում: Հուլիսին նմանատիպ հարձակման արդյունքում վիրավորվեցին 5 ֆրանսիացի զինծառայողներ: