9 դեկտեմբերի 2011 - 16:13 AMT
Ռուբեն Հայրապետյան. Մենք պատրաստ ենք ներդրումներ անել և վերանորոգել «Հրազդան» մարզադաշտը

Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեկտեմբերի 9-ին Երևանում հայտարարեց, որ ինքն անելու է ամեն ինչ, որպեսզի «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում չկառուցվի 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն:

«Տարեցտարի անվտանգության կանոնները խստացվում են, հիմա մենք որևէ միջազգային հանդիում այնտեղ չենք կարող անցկացնել տարհանման և լուսավորության հետ կապված, բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան»,- ասել է Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահի կարծիքով, Հայաստանը հնարավորություն չունի 500-600 մլն դոլարանոց մարզադաշտ կառուցի, մինչդեռ 15-20 միլիոնով կարող է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին. «Կարևոր չէ, թե ստադիոնը ումն է, կարևոր է, որ այն իր նպատակին ծառայի: Մենք պատրաստ ենք ներդրումներ անել և այն վերանորոգել: «Հրազդան» մարզադաշտը անհրաժեշտություն է, ժամանակին «Արարատը» ստիպեց ունենալ «Հրազդան»:

Հայրապետյանը համոզված է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը 6 միավոր է վաստակելու Մալթայի և Բուլղարիայի հետ հանդիպումներում, և անհրաժեշտ կլինի 2012 թվականի հոկտեմբերի 12-ին Իտալիայի դեմ հանդիպումը անցկացնել ավելի մեծ մարզադաշտում: