9 դեկտեմբերի 2011 - 19:37 AMT
Հայաստանում կայացել է Բոլոնիայի գործընթացի համանախագահության եզրափակիչ միջոցառումը

Աղվերանում տեղի է ունեցել երկօրյա միջազգային սեմինար «Ուսանողների մասնակցությունը բարձրագույն կրթության կառավարմանը» թեմայով Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում, տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

Միջոցառումն իրականացվել է ՀՀ ԿԳՆ-ի, Եվրոպայի Խորհուրդի և Ուսանողների Եվրոպական Միության հետ համատեղ: Սեմինարին մասնակցել են աշխարհի ավելի քան 15 երկրից ժամանած ուսանող-պատվիրակներ:

Սեմինարի ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության կառավարմանն ուսանողների մասնակցության հնարավորությունները, ներկայացվել են առկա հիմնական խնդիրները և խոչընդոտները, ինչպես նաև լուծումների վերաբերյալ առաջարկներ:

Սեմինարի ընթացքում ներկայացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ) բարձրագույն կրթության կառավարման գործընթացում ուսանողների մասնակցության վերաբերյալ միջազգային փորձը, ինչպես նաև քննարկվել են համալսարանական կառավարմանն ուսանողների ինստիտուցիոնալ մասնակցության վերաբերյալ ազգային ռազմավարությունները:

Ամփոփելով երկօրյա սեմինարի աշխատանքները՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ սա Հայաստանի և Լեհաստանի Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում 4-րդ միջոցառումն է: Նա նշել է, որ մեր երկրի համար Բոլոնիայի գործընթացի համանախագահությունը պարտավորեցնող և պատբվաբեր է եղել: Սեմինարը ՀՀ կողմից Բոլոնիայի գործընթացի համանախագահության շրջանակում նախատեսած համաեվրոպակամ եզրափակիչ միջոցառումն էր: