5 դեկտեմբերի 2003 - 18:10 AMT
«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
«Կովկասյան քառյակի» երկրների խորհրդարանների նախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել 2004 թվականի փետրվարին Թբիլիսիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, հայտարարել է ՌԴ Պետդումայի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Նրա խոսքերով` Վրաստանում իշխանափոխությունից հետո պաշտոնական Թբիլիսին դեռեւս չի հաստատել իր մասնակցությունը համաժողովին, եւ հավանաբար մինչ ընտրությունները դա տեղի չի ունենա: «Մենք ըմբռնմամբ կվերաբերենք հանդիպման ժամկետների փոփոխմանը, հնարավոր է նաեւ, որ կփոխվի վայրը: Սակայն ինձ թվում է, որ հանդիպումը կկայանա, քանզի դրանում հետաքրքրված են բոլոր մասնակիցները», - նշել է Ս.Միրոնովը: Հիշեցնենք, որ «Կովկասյան քառյակում» ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ Ռուսաստանը: