12 դեկտեմբերի 2011 - 09:40 AMT
Իսրայելը հիասթափված է Իրանի հարցում Օբամայի «մեղմ» քաղաքականությունից

Բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաները իրենց հիասթափությունն են հայտնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության հանդեպ Իրանի հարցում: «Օբամայի վարչակազմը նախկինի պես ամբողջ ուժով չի գործում, լուրջ պատժամիջոցներ սահամանելու համար Թեհրանի դեմ»,-հայտարարել է Ynet-ի պաշտոնյաներից մեկը:

Միևնույն ժամանակ, Երուսաղեմի պաշտոնյաները դրական են գնահատում Իրանի հարցում Ֆրանսիայի նախագահի ու Մեծ Բրիտանիայի վարչապետի քաղաքականությունը: «Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան սկսել են վճռական գործել, այն դեպքում, երբ Օբամայի վարչակազմը մինչ օրս չի ձևակերպել իր քաղաքականությունը, ինչը բավականին լուրջ է»,-ասել է մեկ այլ պաշտոնյա:

«Այն դեպքում, երբ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը առաջ են մղում հակաիրանական օրենսդրությունը, Սպիտակ տունը Իրանի հարցում գործում է այն գաղափարախոսության համաձայն, որը կարող է բնութագրվել որպես «անվճռական»,-ասել է իսրայելցի պաշտոնյան:

Հինգշաբթի օրը Իսրայելում ԱՄՆ դեսպան Դան Շապիրոն հայտնել է լրագրողներին, որ Իսրայելն ու ԱՄՆ-ն սերտ երկկողմ հարաբերություններ են հաստատել միջուկային Իրանի սպառնալիքի ոլորտում: