12 դեկտեմբերի 2011 - 09:57 AMT
Իսրայելը մտադիր է վերսկսել բանակցությունները Պաղեստինի հետ

Իսրայելի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս վերսկսել բանակցությունները Պաղեստինի հետ` համաձայնելով միջազգային միջնորդների «քառյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն և ՄԱԿ) պահանջներին: Այդ մասին հաղորդել են Իսրայելի պաշտոնական անձինք, հաղորդում է Reuters-ը:

Պաղեստինը հայտնում է, որ Իսրայելի հետ խաղաղ բանակցություններին վերադառնալու համար պահանջվում է Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին դադարեցնել նրա կողմից բնակեցման գործունեությունը, ինչպես նաև հրեական պետության` 1967 թվականի սահմաններին վերադառնալու համաձայնությունը:

Մերձավորարևելյան քառյակի ներկայացուցիչները ծրագրում են խաղաղ երկխոսության վերսկսման մթնոլորտի ստեղծման համար դեկտեմբերի 13-14-ին Արևելյան Երուսաղեմում անցկացնել իսրայելյան և պաղեստինյան կողմերի հետ առանձին բանակցությունների երրորդ փուլը: