12 դեկտեմբերի 2011 - 10:46 AMT
Թուրքիա. Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ժխտման քրեականացումը անհետևանք չի մնա

Թուրքիայի արտգործնախարարությունը ուղերձ է տարածել, որում նշվում է, որ ֆրանսիական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունումն անհետևանք չի մնա, գրում է թուրքական Hurriyet-ը:

«Թուրքիան և Ֆրանսիան հարաբերությունների ակտիվացման փուլ են թևակոխել, մենք հուսով ենք, որ հաշվի առնելով այս համատեքստը` անդառնալի որոշումներ չեն ընդունվի»,- նշվում է ուղերձում:

Թուրքիայի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է արել երկխոսության միջոցով լուծել երկկողմ հարաբերություններում ստեղծված իրադրությունը:

Դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի օրենսդրության կոմիտեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծ ընդունեց: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք:

2001 թվականին Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը: