12 դեկտեմբերի 2011 - 12:20 AMT
Հայաստանում արտադրված պահածոների կափարիչները պահանջարկ ունեն Ռուսաստանում և Վրաստանում

«Եվրոկապ» ԲԲԸ արտադրված կափարիչները մեծ պահանջարկ ունեն ոչ միայն տեղական շուկայում, այլև հարևան Վրաստանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Եվրոկապ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Առաքելյանը: «2011 թվականին մենք արտահանում կազմակերպեցինք նաև Ռուսաստան»,- հաղորդել է նա: Գործարանի տնօրենի խոսքով` այս տարի արտադրության ծավալները 2010-ի համեմատ երկու անգամ ավելացել են գործարանում նոր արտադրական գծի ներդրման հաշվին: 2011 թվականին «Եվրոկապը» ծրագրում է կափարիչների արտադրությունը հասցնել 45 միլիոնի:

Այս կապակցությամբ Առաքելյանը հավելել է, որ արտադրանքի պահանջարկը պայմանավորված է նաև անցյալ տարվա համեմատ գյուղատնտեսության մեջ վերամշակող արդյունաբերության ոլորտի արտադրության ծավալների ավելացմամբ 30-40 տոկոսով: «Հայկական պահածոյացված բանջարեղենն ու միրգը մեծ պահանջարկ ունի ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի շուկայում, ուստի աճում է կափարիչի պահանջարկը, և մենք այն բավարարում ենք»,- հավելել է Արմեն Առաքելյանը:

«Եվրոկապ» ընկերությունը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Գործարանը սկսել է իր աշխատանքը 2008 թ-ի մայիսից, երբ Գերմանիայից ներմուծվեցին եվրոպական ստանդարտներին համապատասխանող արտադրական սարքավորումներ: Հումքը ևս ներմուծվում է Գերմանիայից:

Գործարանը արտադրում է 82մմ, 66մմ, 43մմ և СКО-82 չափսի կափարիչներ, արտադրողունակությունը կազմում է` միջին հաշվով 300 կափարիչ րոպեն և մոտ 100-110 000 կափարիչ յուրաքանչյուր աշխատանքային հերթափոխին: Կափարիչների արտադրության գործընթացը ամբողջությամբ ավտոմատացված է` ներառյալ որակի հսկողությունը, խոտանավորումը և խոտանված ապրանքի հեռացումը արտադրագծից, ինչպես նաև կափարիչների հաշվարկը փաթեթավորումից առաջ:

Այնուհետև կափարիչները տեղավորվում են ստվարաթղթե տուփերի մեջ` 750-ից 3500 հատ յուրաքանչյուրում, կախված շրջագծից: